Ով է եղել Վարդան Ղուկասյանի խցում, և ինչու են նրան տեղափոխել այլ խուց. «Ժողովուրդ»

Դատարանը միջնորդությունները բավարարել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի - Sputnik. ԱԱԾ մեկուսարանում Վարդան Ղուկասյանի հետ նույն խցում է գտնվել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Երեկ հայտնի դարձավ,որ ԱԱԾ մեկուսարանից «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` միջնորդություններ են ներկայացվել դատարան, որ անվտանգության նկատառումներից ելնելով կա՛մ Ղուկասյանի խուցը փոխեն, կա՛մ Գևորգ Հարությունյանին այլ խուց տեղափոխեն։
Դատարանը միջնորդությունները բավարարել է, և Վալոդյա Գրիգորյանին սպանելու գործով կալանավորված Գևորգ Հարությունյանին այլ խուց են տեղափոխել։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Դեկտեմբերի 17-ին նրա կալանքը երկարաձգեց ևս 3 ամիս ժամկետով:
Մինչ այդ` հոկտեմբերի 26-ին, հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը)։
Փաստաբան Արամայիս Հայրապետյանը դեկտեմբերի 30-ին հայտնեց, որ Վարդան Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդումը 2 հոդվածով դադարեցվում է։