Գարեգին Բ-ի գահակալության օրոք 101 հոգևորական է կարգալույծ արվել․ Մայր աթոռ

Մայր աթոռն արձագանքել է կարգալույծ արված հոգևորականների կողմից տարածվող տեղեկություններին, թե վեհափառ հայրապետի գահակալության օրոք մեծ թվով հոգևորականներ են անհարկի կարգալույծ հռչակվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գահակալության 26 տարիների ընթացքում ընդհանուր 101 հոգևորական է կարգալույծ հռչակվել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր աթոռի տեղեկատվական համակարգը՝ արձագանքելով տարածվող տեղեկություններին, թե կաթողիկոսի գահակալության օրոք անհարկի և մեծ թվով կարգալուծություններ են արվել։
Մայր աթոռը շեշտում է՝ կարգալույծ արված 101 հոգևորականների շարքում են նաև Ստեփան Ասատրյանը (նախկինում՝ տեր Արամ), Վարդան Հունանյանը (նախկինում՝ տեր Տարոն) և Արամայիս Թախմազյանը (տեր Թադե)։
Մայր աթոռը նաև ներկայացրել է կարգալուծությունների պատճառները։ Ըստ այդմ`
38 -ը հոգևոր ծառայության ասպարեզը թողել է իր դիմումի համաձայն,
27-ն ինքնակամ լքել է ծառայության վայրը,
15-ը՝ թեմակալ առաջնորդների ներկայացրած միջնորդագրերի հիման վրա,
21-ը՝ ուղղակիորեն վեհափառ հայրապետի կողմից։
«Ի դեպ, 2011 թվականին Նորին սրբության նախաձեռնությամբ ու տնօրինությամբ ստեղծվել է Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբ՝ քննելու հոգևորականների հետ առնչված նմանատիպ հարցերը»,- հիշեցնում են Մայր թոռից։
Միաժամանակ 26 տարիների ընթացքում ձեռնադրվել է 491 հոգևորական, որոնք այսօր ծառայում են Հայաստանի և սփյուռքի թեմերում։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
2026 թ–ի հունվարի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը»։ 10 եպիսկոպոսների ու Փաշինյանի ստորագրած փաստաթղթով ստեղծվում է համակարգող խորհուրդ, որը պետք է զբաղվի Հայ առաքելական եկեղեցու «բարեփոխման» կազմակերպչական հարցերով։