Գործարարների հետ զգուշորեն քննարկել եմ Հարկային նոր օրենսգիրք ընդունելու հարցը. Փաշինյան

Նշվում է, որ դոկտրինը պայմանավորված է նաև տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս գործարարների հետ զգուշորեն քննարկել է Հարկային նոր օրենսգիրք ընդունելու տարբերակը, որի կարգավորումները հնարավոր կլինի ուժի մեջ պահել մոտ 10 տարի։ ՀՀ վարչապետն այս մասին ասաց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ` ներկայացնելով Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին որոշման նախագիծը։
«Սա բավականին բարդ և վախենալու թեմա է, բայց մենք հայտարարում ենք, որ լրջորեն մոտենալու ենք այս հարցին և փորձագիտական, գործարար հանրությանն արդեն իսկ հրավիրել ենք այս թեմայով քննարկումներ ունենալու»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա կօգնի մեծացնել Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչությունը։ Փաշինյանը նշեց, որ 2018թ․-ից ի վեր ՀՀ տնտեսությունն աճել է ավելի քան 50 տոկոսով, ՀՆԱ-ն ավելի քան կրկնապատկվել է։
ԵԱԶԲ–ի վերլուծաբանը նշել է 2026 թվականին Հայաստանի տնտեսության հիմնական ռիսկերը
Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը վերջին տարիներին տնտեսական, ինստիտուցիոնալ և անվտանգային վերափոխումների փուլում է։
«Անհրաժեշտ է ընդունել միասնական գաղափարական և քաղաքական-ռազմավարական փաստաթուղթ, որը կհաստատի ՀՀ տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման երկարաժամկետ տեսլականը, կսահմանի տնտեսական քաղաքականության նոր պարադիգմի հիմնական սկզբունքներն ու հենասյուները, կապահովի գործող և նոր մշակվելիք ոլորտային ռազմավարությունների և ծրագրերի միջնաժամկետ բյուջետային պլանավորման միասնական դաշտ»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Ակնկալվում է, որ նոր դոկտրինի շնորհիվ կբարձրանա քաղաքականությունների կանխատեսելիությունը և ներդրումային միջավայրի նկատմամբ վստահությունը, կամրապնդվի հանրային կառավարման արդյունավետությունը և հաշվետվողականությունը, կբարձրանա Հայաստանի տնտեսական դիմակայունությունը և անվտանգային կայունությունը և այլն։
Ըստ Փաշինյանի՝ առաջին անգամ Հայաստանը նպատակաուղղված ձևավորում է տնտեսություն՝ ելնելով տարածաշրջանային կայուն խաղաղության պայմաններից։ Նրա խոսքով՝ խաղաղության օրակարգն արմատապես փոխում է տնտեսության կառուցվածքը, մրցակցային միջավայրը, լոգիստիկան՝ ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։ Դոկտրինը, ըստ Փաշինյանի, պայմանավորված է նաև տարածաշրջանային և արտաքին քաղաքական այն նոր միջավայրով, որը ձևավորվում է Հայաստանի շուրջ։
Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2026 թվականին կկազմի 5.3%. ԵԱԶԲ–ի կանխատեսումը