ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է, որ Գարեգին 2–րդի հետ իր վեճը պայմանավորված է կաթողիկոսի կողմից Ադրբեջանի դեմ Միջազգային դատարան ներկայացրած հայցով։ Այդ մասին նա հայտարարեց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ` պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե երբ ՀՀ վարչապետը խոսում է Հայ առաքելական եկեղեցու բարենորգման մասին, արդյոք չի՞ մտածում եկեղեցին Ադրբեջանի գործողություններից փրկելու մասին։
Ի՞նչ հայցի մասին է խոսքը
Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով Արցախի տարածքում ոչնչացում է հայկական եկեղեցիներ, և Մայր աթոռը հայց է ներկայացրել Միջազգային դատարան` մասնավորապես Շուշիի Կանաչ ժամի ոչնչացման հետ կապված։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է անդրադարձ ունենան խաղաղության գործընթացում։ Մենք կենտրոնացած են խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրման և խաղաղության հետագա ինստիտուտցիոնալացման վրա։ Մենք բոլոր հարցերը դիտարկում ենք այս տրամաբանությամբ և այս առաջնահերթությամբ»,– հայտարարեց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է ոչ միջպետական հայցադիմումներին, ապա նա նշեց, որ դրա հետ կապված որևէ մեկնաբանություն չունի։
«Կա կարգավորում խաղաղության համաձայնագրում միջպետական հայցերի վերաբերյալ, և դրանք ուժի մեջ կմտնեն ստորագրումից ու վավերացումից հետո»,– վստահեցրեց Փաշինյանը։
Անդրադառնալով Գարեգին 2–րդի հետ իր վեճին` վարչապետը հավաստիացրեց, որ նրա հետ իր վեճը հրապարակային է ու գաղտնի որևէ բան չկա։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։