ԵՐԵՎԱՆ, 8 հունվարի - Sputnik. ՀՀ ավելի քան 630 քաղաքացի հետ կստանա 2025թ.-ին էլեկտրամոբիլի համար վճարած մաքսատուրքը։ Այս մասին «ֆեյսբուքի» իր էջում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նշենք, որ 2025 թվականին էլեկտրամոբիլ ներմուծելու և անվճար մասազերծելու համար 5000 քվոտա տրամադրվել էր անհատներին և իրավաբանական անձանց, 3000 քվոտան էլ՝ դիլերներին։
«636 քաղաքացի, որոնք անցյալ տարի էլեկտրական մեքենա են ներմուծել և մաքսազերծել, իրենց վճարած մի քանի միլիոն դրամ մաքսատուրքը պետությունից հետ կստանան։ Դիլերներն իրենց 3000 քվոտայից 636-ը չեն օգտագործել, մենք էլ այն տեղափոխել էինք անհատների և իրավաբանական անձանց դաշտ։ Ստացվում է, որ 5001-րդ քաղաքացին, որը մոտեցել է ու վճարել է մաքսատուրքը՝ հետ կստանա իր մաքսատուրքը։ Այդպես գումարները հետ կստանան նաև 5002-րդ, 5003-րդ և մինչև 5636-րդ մարդը»,- նշել է Պապոյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարը նաև ընդգծել է, որ պետական եկամուտների կոմիտեն մինչև հունվարի 10-ը կհրապարակի այդ ցանկը։
Հիշեցնենք` 2026 թվականի համար Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում ստացել է 15 հազար էլեկտրամոբիլների` առանց մաքսատուրքի ներմուծման քվոտա։ ՀՀ իշխանությունները որոշել են այդ արտոնությունը տարածել նաև հիբրիդային մեքենաների, ինչպես նաև էլեկտրական ավտոբուսների և բեռնատարների վրա։
Նշենք, որ Հայաստանում արդեն կա 30–40 հազար էլեկտրամոբիլ։