ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի - Sputnik. Հայոց ցեղասպանության հուշահամալիրում շինաշխատանքներն ապրիլի 24-ին ավարտված կլինեն, իսկ զրպարտողներին դատի եմ տվել։ Այս մասին 2025 թվականի հաշվետու ասուլիսի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նշենք, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վերանորոգման աշխատանքների մեկնարկից հետո հանրության շրջանում բողոքի ալիք բարձրացավ։ Շատերը սկսեցին քննադատել և նշել, որ այնտեղ կատարվող աշխատանքները պատշաճ կերպով չեն կատարվում։ Մի հատվածն էլ մտահոգություն էր հայտնում, որ այդ աշխատանքները մինչև 2026 թվականի ապրիլի 24-ը (Հայոց ցեղասպանության տարելիցի օր) ավարտին չեն հասցվի։
«Վերջին անգամ դեկտեմբերի 30-ին եմ եղել Ծիծեռնակաբերդում, ինքս ամեն շաբաթ լինում եմ այնտեղ։ Աշխատանքները դադարեցված են եղել դեկտեմբերի 31-ից հունվարի 4-ը։ Հուշահամալիրն էլ, թանգարանն էլ այսօր էլ են բաց քաղաքացիների համար, նաև մեծաքանակ մարդկանց համար, որևէ օր ու որևէ ժամ չեն փակվել։ Այս պահին տարվող աշխատանքներն այս տարվա ապրիլի 24-ին արդեն ավարտին հասցված կլինեն. դրա համար այնտեղ անհրաժեշտ բոլոր աշխատանքները կատարվում են»,- նշեց Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ արդեն սկսվել է 3 մույթի քարե սալերի տեղադրումը, որի համար լրացուցիչ մասնագիտական քննարկում էր տեղի ունեցել։ Վստահեցրեց՝ աշխատանքները պատշաճ կերպով ու որակով են իրականացվում։ Ամենշաբաթյա այցերի ժամանակ, Անդրեասյանի պնդմամբ, իր հետ լինում են նաև մասնագետներ։
Ինչ վերաբերում է հուշահամալիրում տարվող աշխատանքների վերաբերյալ քննադատություններին՝ ԿԳՄՍ նախարարը նշեց՝ դատարան հայց է ներկայացրել։
«Նախարարությունը համապատասխան հայց է ներկայացրել։ Դատական գործընթաց է, որևէ մեկնաբանություն ինքս կգերադասեմ չտալ։ Զրպարտության, միտումնավոր ապատեղեկատվության և մնացած բոլոր հանգամանքների համար մարդիկ պետք է պատասխան տան»,- նշեց Անդրեասյանը։
Նա ընդգծեց նաև, որ դատարանից արդար վճիռ է ակնկալում։
Հիշեցնենք` Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2024թ–ի հոկտեմբերի 8–ին։ Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվելու են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության հայտարարած շինարարության բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Բիդեք» ՍՊԸ-ն։ Շինարարական աշխատանքների որակի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է «Սեյսմշին» ՍՊԸ-ն, իսկ հեղինակային հսկողությունը՝ «Հայնախագիծ» ԲԲԸ-ն:
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է։