Լոպեսի համերգի արդյունքներն ուսումնասիրվում են․ նախարարը՝ 6 մլն դոլար ծախսելու մասին

Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց, որ ուսումնասիրության արդյունքները պարզ կլինեն առաջիկայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 հունվարի – Sputnik. Աշխարհահռչակ երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երևանյան համերգի արդյունքները դեռ ուսումնասիրվում են։ 2025 թվականն ամփոփող ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Դեռ օգոստոսին ՀՀ ֆինանսների նախարարությունը չէր հաշվել, թե որքան գումար կվերադառնա պետբյուջե համաշխարհային աստղի համերգի արդյունքում, որի համար իշխանությունները հատկացրել էին 6 մլն դոլար։ ՊԵԿ-ից էլ Sputnik Արմենիային հայտնել էին, որ Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո բյուջետային մուտքերի վերաբերյալ կոնկրետ տվյալներ չունեն։ Նշել էին, որ նման համերգներից հետո տնտեսական տվյալների վերլուծությունը կարող է իրականացվել երկարաժամկետ կտրվածքով, քանի որ միջոցառումներից հետո բյուջետային մուտքերը որոշակի ժամանակ անց են երևում։
«Ֆինանսական հաշվետվությունն ուսումնասիրման փուլում է, ու առաջիկայում պարզ կլինեն արդյունքները։ Դրանից հետո էլ պարզ կլինի, թե ի սկզբանե կնքված պայմանագրի շրջանակում որքան է ծախսվել, որքանն է ենթակա պետբյուջե վերադարձի»,- ասաց նախարարը։
Անդրեասյանն ընդգծեց՝ ԿԳՄՍՆ-ի շարունակական քաղաքականությունն է՝ մասնավորի հետ համագործակցությամբ Հայաստանում կազմակերպել միջազգային աստղերի հյուրախաղեր, և դրա նպատակներից մեկը զբոսաշրջության խթանումն է։
Հիշեցնենք` օգոստոսի 3–ին Երևանում կայացավ հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի համերգն ու պարային շոուն։ Երևանյան համերգը Լոպեսի «Up all night» շրջագայության մի մասն էր։