Հալեպում նոր գրոհ է նախատեսվում. ի՞նչ է կատարվում Սիրիայում

Ավելի վաղ կառավարական զորքերը տեղի բնակիչներին կոչ էին արել տեղափոխվել անվտանգ տարածքներ։
Sputnik
Սիրիայի անցումային կառավարության զորքերը փորձում են գրոհել Հալեպի Շեյխ-Մաքսուդ շրջանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հալեպում իրավիճակը սրվել է, գնդակոծվում են քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջանները, բախումներ են սկսվել Սիրիայի անցումային կառավարության զորքերի և քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ջոկատների միջև:
Հալեպի հյուսիսարևմտյան թաղամասերից բնակիչները տեղափոխվում են կառավարության վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ «Գանձասար» թերթը հայտնում է, որ քրդաբնակ Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիա շրջաններում նոր ընդհաարումներ են սպասվում։
Ավելի վաղ կառավարական զորքերը տեղի բնակիչներին կոչ էին արել տեղափոխվել անվտանգ տարածքներ և ժամանակավորապես «մարդասիրական միջանցքներ» էին բացել նրանց համար։
«Գանձասար» թերթը տեղի հայերին կոչ է անում անհրաժեշտության դեպքում զանգել հետևյալ հեռախոսահամարներով՝ 0965437612 («Տիգրանյան» Կենտրոն), 0982172535, 0954019530 (Սուրբ Աստվածածին եկեղեցի): Բուժօգնություն ստանալու համար պետք է դիմել Սիրիահայերի օգնության կենտրոն, Հայ առաքելական եկեղեցու Սիրիայի թեմ:
Նրանք կարող են ապաստանել նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ներքնասրահում։
Հիշեցնենք` հունվարի 6–ին «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) և Դամասկոսի կողմից վերահսկվող ուժերի միջև բախումներ են տեղի ունեցել, որոնց հետևանքով Հալեպում 4 մարդ է զոհվել, 26-ը` վիրավորվել: