Ռուսաստանն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահին

Մոսկվան անթույլատրելի է համարում Վենեսուելայի ներքին գործերին միջամտելու փորձերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 հունվարի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն աջակցում է Վենեսուելայի լիազորված նախագահ Դելսի Ռոդրիգեսին և ազգային շահերի պաշտպանությանն ուղղված իշխանությունների ջանքերին: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ։
Նշվում է, որ Վենեսուելային պետք է երաշխավորվի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց արտաքին որևէ ապակառուցողական միջամտության:
«Ռուսաստանը հետևողականորեն հանդես է գալիս ստեղծված իրավիճակի ապաէսկալացիայի և առկա ցանկացած խնդրի լուծմանն ուղղված կառուցողական երկխոսության օգտին՝ միջազգային իրավական նորմերը, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությունը հարգելու միջոցով։ Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը պետք է մնան խաղաղության գոտի», — ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Վենեսուելայի Ազգային ժողովում փոխնախագահ Ռոդրիգեսը երդում է տվել և ստանձնել երկրի լիազորված նախագահի պաշտոնը:
Ամերիկյան ուժերը հունվարի 3-ին հարված են հասցրել Վենեսուելային, գերեվարել և երկրից դուրս բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը: Թրամփը հայտարարել է, որ քանի դեռ չի ձևավորվել ամերիկային ձեռնտու իշխանություն՝ Վենեսուելան ներկայում կառավարելու է Միացյալ Նահանգները: Կարակասը Վաշինգտոնի գործողություններն անվանել է ռազմական ագրեսիա, երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը Թրամփի՝ «անել այն, ինչ ցանկանում է ԱՄՆ-ն» պահանջից հետո հայտարարել է, որ Վենեսուելան ոչ մեկի գաղութ չի դառնա: