ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Սրբազան առիթով իմ մտքերն այն հոգևորականների հետ են, ովքեր շարունակում են մնալ անազատության մեջ՝ այս սուրբ օրերին մեկուսացված լինելով իրենց հետևորդներից։ Ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել գործարար Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը։
«Արդարությունը, ինչպես և այս տոնի լույսը, անկասելի է, և ես հավատարիմ եմ այն սկզբունքին, որ այն պետք է վերականգնվի բոլոր նրանց համար, ովքեր տառապում են իրենց համոզմունքների համար։ Թող այս տոնական օրերը հույսի նոր զգացում և արդարության հաղթանակ բերեն հայ ժողովրդին»,– գրել է նա։
Փաստաբանը հայերին շնորհավորել է Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ և նկատել, որ պատմության ընթացքում հայ ժողովուրդը դրսևորել է հոգևոր տոկունության բացառիկ օրինակ՝ ապացուցելով, որ հավատքը և մարդկային ոգին կարող են վեր բարձրանալ նույնիսկ ամենածանր փորձություններից։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։