ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի – Sputnik. Իսրայելը թույլ չի տա Թուրքիային փոխանցել F-35 կործանիչներ, որոնց արտադրության մեջ օգտագործվում են իսրայելական տեխնոլոգիաները: Այս մասին հայտարարել է Իսրայելի փոխարտգործնախարար Շարեն Հասքելը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք լուրջ մտահոգություններ ունենք հնարավոր վաճառքի վերաբերյալ։ Այդ ինքնաթիռներում կիրառվող տեխնոլոգիաների զգալի մասը մշակվել է Իսրայելում, և մենք դեմ ենք դրանց փոխանցմանը»,-ասել է Հասքելը հունական «Kathimerini» թերթին տված մեկնաբանության մեջ։
Իսրայելի իշխանություններին մտահոգում են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, որ լրջորեն դիտարկում է Թուրքիային F-35-ների վաճառքի գործարքի հնարավորությունը: Հասքելն ընդգծել է, որ իսրայելական տեխնոլոգիաները նման համաձայնագրի մաս չեն դառնա նույնիսկ այն դեպքում, եթե Անկարան ստանա այդ ինքնաթիռները:
Հիշեցնենք՝ 2017 թվականին Անկարան Ռուսաստանի հետ պայմանագիր կնքեց С-400-ների մատակարարման վերաբերյալ, որոնք ստացավ 2019 թվականին: ԱՄՆ-ն պնդում էր, որ Թուրքիան հրաժարվի ռուսական համակարգերից՝ հօգուտ «Patriot»-ների, սակայն Թուրքիան հրաժարվեց: Ի պատասխան Վաշինգտոնը հեռացրեց Անկարային F-35-ի ծրագրից և պատժամիջոցներ կիրառեց թուրքական պաշտպանական արդյունաբերության նկատմամբ: F-35 նախագծի վերաբերյալ համատեղ հուշագիրը չեղարկվեց, իսկ համաձայնագիրը շարունակեցին ծրագրի մյուս յոթ գործընկերները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Իտալիան, Նիդեռլանդները, Կանադան և Նորվեգիան:
Սեպտեմբերին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները կարող է թույլ տալ Թուրքիային F-35 կործանիչներ գնել, եթե Անկարան «ինչ-որ բան անի» Վաշինգտոնի շահերի համար։