ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի — Sputnik. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերի կինը՝ Քեթի Միլլերը, ԱՄՆ-ի դրոշի գույներով և «Շուտով» գրությամբ Գրենլանդիայի քարտեզ է հրապարակել:
Քեթի Միլլերի գրառումը X-ում լրջորեն անհանգստացրել է դանիացիներին:
«Մենք ակնկալում ենք լիակատար հարգանք Դանիայի Թագավորության տարածքային ամբողջականության նկատմամբ»,- սոցցանցերում գրել է դանիացի դիվանագետ Յեսպեր Մելլեր Սերենսենը:
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն ու Դանիան դաշնակիցներ են, իսկ Գրենլանդիան մտնում է ՆԱՏՕ-ի կազմի մեջ:
Մինչդեռ բրիտանական Guardian թերթը գրել է, որ Վենեսուելայից հետո Վաշինգտոնի հաջորդ թիրախները կարող են դառնալ Իրանն ու Դանիան:
Հիշեցնենք` հունվարի 3-ին ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մադուրոյին առևանգելու արտակարգ ռազմական գործողությունը կոչվել է «Կեսգիշերային մուրճ», այն շարքից հանել է Վենեսուելայի բոլոր ռազմական հնարավորությունները: Թրամփը հայտարարել է, որ Մադուրոն և նրա կինը ԱՄՆ-ում կկանգնեն ամերիկյան արդարադատության առջև և «կզգան դրա ողջ ուժը»: Ավելի ուշ Սպիտակ տան տերը նաև հայտարարել է, որ Վենեսուելայում ժամանակավոր ամերիկյան վարչակազմ կհաստատվի, նախքան այնտեղ պայմաններ կստեղծվեն իշխանության խաղաղ և արդար փոխանցման համար: