Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է վերցնել իշխանությունը

Թրամփը հրապարակել է Մադուրոյի լուսանկարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի–Sputnik. Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո հանդես է եկել առաջին հայտարարությամբ: Տեքստը հրապարակվել է «X» սոցիալական ցանցում։
Մաչադոյի հրապարակած տեքստը
Մաչադոն հայտարարել է, որ Մադուրոն հեռացվել է պաշտոնից բանակցություններից հրաժարվելուց հետո և հավելել, որ ինքը կարգուկանոն կհաստատի երկրում ու ազատ կարձակի քաղբանտարկյալներին:
«Մենք պատրաստ ենք իրացնել մեր մանդատը և գալ իշխանության», - ասվում է հայտարարության մեջ:
Մաչադոն գրում է, որ այսօր ընդդիմությունը պատրաստ է «վերադարձնել իշխանությունը», որն իբր իրենցից գողացել էին 2024 թվականի ընտրություններում, երբ Մադուրոն նախագահ էր հայտարարվել:
Որոշ ժամանակ անց Թրամփը հրապարակել է Վենեսուելայի առևանգված նախագահի առաջին լուսանկարը։ Այն արվել է «Iwo Jima» ուղղաթիռային նավի վրա։
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և «Լա Գուայրա» նավահանգստում:
Մինչև առևանգումը Վենեսուելայի նախագահն արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։ ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին հայտարարել է, որ Մադուրոյին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում, շուտով նրանք կկանգնեն դատարանի առջև: