ԱՄՆ–ի հարվածների հետևանքով զոհվել է Վենեսուելայի պաշտպանության նախարարը. ԶԼՄ

Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին այն մասին, որ նախարարի նստավայրը հարձակման է ենթարկվել ամերիկյան բանակի կողմից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելային հասցված հարվածների հետևանքով զոհվել է երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Կարակասում գտնվող նրա նստավայրին, սակայն տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռ չկա: Հաղորդվում է նաև Կուարտել դե լա Մոնտանյայում Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի դամբարանին հասցված հարվածի մասին:
Տեղի բնակիչները զանգվածաբար փորձում են լքել մայրաքաղաքը, որից դուրս գալու ճանապարհներին կիլոմետրանոց խցանումներ են առաջացել։
Ինչպես հաղորդում է CBS News-ը, Թրամփը դեռ մի քանի օր առաջ է հավանություն տվել Վենեսուելայի վրա հարձակմանը: Նա հրաման է տվել հարվածներ հասցնել թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին։ RT-ի տվյալներով՝ Վենեսուելայի վրա ամերիկյան հարձակումը պլանավորվել էր դեռևս դեկտեմբերի 25-ին, սակայն հետաձգվել էր Նիգերիայում ահաբեկիչներին ԱՄՆ ԶՈւ–ի հարվածի պատճառով:
Հիշեցնենք` այսօր հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա. պայթյուններ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում, Կարակասի ռազմակայաններում, ինչպես նաև Մայկետիա քաղաքում տեղակայված՝ Սիմոն Բոլիվարի անվան օդանավակայանում և Լա Գուայրա նավահանգստում: Վենեսուելայի նախագահը արտակարգ դրություն է հայտարարել երկրում։ Սպիտակ տունը հաստատել է հարձակումը։
ՀԳ. Ավելի ուշ այս լուրը հերքվեց։