Ամերիկացի զինվորականների կողմից առևանգված Մադուրոն կկանգնի ԱՄՆ դատարանի առջև. սենատոր

Լին համապատասխան հայտարարություն է արել Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից հետո։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի - Sputnik. Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին առևանգել են ամերիկյան զինված ուժերի «Դելտա ֆորս» էլիտար հատուկ ստորաբաժանման մարտիկները, քրեական մեղադրանքներով կկանգնի ամերիկյան դատարանի առջև: Այս մասին հայտնել է սենատոր Մայք Լին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ զրույցից հետո:
«Հիմա, երբ Մադուրոն գտնվում է կալանքի տակ, նա (Ռուբիոն - խմբ.) Վենեսուելայում հետագա գործողություններ չի ակնկալում», - գրել է Լին «Х» սոցցանցում:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Վենեսուելայի ուղղությամբ «հաջողված զանգվածային հարվածի» մասին: Նա նաև հայտարարել էր, որ նախագահ Մադուրոն և նրա կինը առևանգվել ու դուրս են բերվել Վենեսուելայից: Ամերիկացի առաջնորդը խոստացել է այսօր (Երևանի ժամանակով 20:00-ին) ասուլիս տալ և ներկայացնել իրադարձությունների մանրամասները:
Համացանցում է հայտնվել ամերիկացիների կողմից գերեվարված Մադուրոյի լուսանկարը։ Թե որքանով է այն հավաստի, ներկա պահին դժվար է ասել։
Ենթադրաբար ամերիկացիների կողմից առևանգված Մադուրոյի առաջին լուսանկարը
Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ն կրկնապատկել էր Նիկոլաս Մադուրոյի ձերբակալության համար անհրաժեշտ տեղեկատվության դիմաց վարձատրությունը. այդ գումարը կազմել է 50 մլն դոլար: ԱՄՆ-ն Մադուրոյին և Վենեսուելայի այլ բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրում է «թմրաահաբեկչության» մեջ:
Կարակասը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Վաշինգտոնի հետ 2019 թվականին, երբ Վաշինգտոնը հրաժարվեց ճանաչել ընտրություններում Մադուրոյի հաղթանակը: ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ՝ մասնավորապես կիրառելով նավթային էմբարգո։
Թրամփը Մադուրոյին սպառնացել է ուժ կիրառել, եթե նա չթողնի պաշտոնը