ԵՐԵՎԱՆ, 2 հունվարի – Sputnik. Իրանը հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաներին և զինված ուժերին, եթե ԱՄՆ-ն որևէ ագրեսիվ քայլ ձեռնարկի Իրանի Իսլամական Հանրապետության դեմ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
Ավելի վաղ Թրամփը փաստացի սպառնացել էր Իրանին` նշելով, որ եթե Իրանը կրակի խաղաղ ցուցարարների վրա, ԱՄՆ-ն օգնության կհասնի։
«Միացյալ Նահանգների անհարգալից նախագահը պետք է իմանա, որ այս պաշտոնական խոստովանությունից հետո Մերձավոր Արևելքի ամբողջ տարածաշրջանում գտնվող ամերիկյան բոլոր բազաները և զինված ուժերը կդառնան մեր օրինական թիրախը՝ ի պատասխան ամերիկյան կողմի ցանկացած հնարավոր արկածախնդրության։ Իմացեք, որ իրանցիները միասնական և վճռական են թշնամու դեմ գործելու հարցում»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է Ղալիբաֆը:
Թրամփի հայտարարությանն այսօր արձագանքել էր նաև Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Նա հայտարարել էր, որ Իրանի ներքին գործերին միջամտելը կապակայունացնի ամբողջ տարածաշրջանը և կհանգեցնի հենց ԱՄՆ-ի շահերի խաթարման։
Հիշեցնենք` Իրանում բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվում դեկտեմբերի 28-ից։ Դժգոհության հիմնական պատճառները փոխարժեքի տատանումներն են ու գների բարձրացումը։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ֆարզինը հրաժարական է տվել։ Այդ պաշտոնում դեկտեմբերի 31-ին Իրանի նախագահի հրամանագրով նշանակվել է Աբդոլնասեր Հեմմաթին։
Հավելենք, որ վերջին տվյալներով՝ ցուցարարների և ուժայինների բախումների հետևանքով 7 ցուցարար է զոհվել, կան տասնյակ վիրավորներ։ Զանգվածային բողոքի ակցիաներ են տարբեր շրջաններում՝ Թեհրան, Սպահան, Խուզեստան և այլն։
Նշենք, որ Իրանի ԿԲ-ի տվյալներով՝ գնաճի տարեկան ցուցանիշը հասել է 38,9 տոկոսի: Ազգային արժույթը կտրուկ արժեզրկվել է. եթե մինչև 2018 թվականին միջուկային գործարքից ԱՄՆ-ի դուրս գալը դոլարի ոչ պաշտոնական փոխարժեքը մոտ 50 հազար ռիալ էր, ապա այժմ ազատ շուկայում այն հասնում է մոտ 1,4 մլն ռիալի: