ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք նռնօրհնեքի կարգը դոկտեմբերի 31-ին խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգևորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Տեղեկությունը հայտնում է Արագածոտնի թեմը:
«Համայնքապետի հետ զրույցից հետո հոգևորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել եկեղեցուց։ Դրանից հետո եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգևորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և նռնօրհնեքի կարգ են կատարել։
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հայտնել է նաև, որ 2026 թ. հունվարի 6-ին Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին նվիրված Սուրբ պատարագին իր անձը պետք է ներկայացվի որպես Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու խաչքավոր և պնդել է, որ պատարագի ժամանակ պետք է զեղչվի Ամենայն հայոց կաթողիկոսի անունը:
«Արագածոտնի թեմն իր մտահոգությունն է հայտնում վերոնշյալ անախորժ պատմության և համայնքապետի հակականոնական պնդումների կապակցությամբ և հիշեցնում է
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ու նրա կողմնակիցներին, որ Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն»,- նշել են թեմից։
Արագածոտնի թեմից նաևնշել են, որ հայ եկեղեցում խաչքավոր կարող է լինել նա, ով ամբողջությամբ ընդունում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կարգուկանոնը, սրբազան ավանդությունը և վերջինիս անբաժանելի մաս կազմող նվիրապետությունը:
Արագածոտնի թեմը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ նախաձեռնությունների ազդեցությանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։