Հունվարի 1-ից ԵԱՏՄ երկրներում փոխվում են ալկոհոլի և ծխախոտի դրույքաչափերը, ինչպես նաև ընդլայնվում է ապրանքների ցանկը, որոնց վրա անհրաժեշտ է QR կոդի առկայությունը.
1. Անմաքս առցանց առևտուր
Անցած տարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովում (ԵԱՏՄ գործադիր մարմին) քննարկվել է առցանց առևտրի միջոցով երրորդ երկրներից գնվող ապրանքների անմաքս շեմը 200-ից 100 եվրոյի իջեցնելու հնարավորությունը: Արդյունքում որոշվել է այն առայժմ թողնել անփոփոխ՝ 200 եվրոյի շեմում։ 2026 թվականին կքննարկվեն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի փոփոխությունները, որոնցով, ինչպես վերջերս հաղորդվել էր, կսահմանվի 5% միասնական տուրք (ներկայում այն տարբեր է՝ կախված կոնկրետ ապրանքից, բայց շատ դեպքերում գերազանցում է 5%-ը)։ Դրա փոխարեն երկրները կկարողանան առցանց գնումների համար սահմանել ավելացված արժեքի հարկ (ԱԱՀ), որի չափը կորոշեն իրենք։
Ճշգրտենք՝ այս բոլոր հարկերը կկիրառվեն, եթե գնումը գերազանցի անմաքս շեմը, որը դեռևս մնում է 200 եվրոյի մակարդակում։ Արդյոք այն կկրճատվի հետագա տարիներին՝ առայժմ հայտնի չէ:
2. Օղու և ծխախոտի ակցիզ
ԵԱՏՄ բոլոր երկրների կողմից ընդունված ժամանակացույցի շրջանակներում 2026 թվականին Հայաստանում կրկին կբարձրանան ակցիզային հարկերը։ Հայաստանը բացառություն է արել գինու համար («ի վնաս» թունդ ալկոհոլի)՝ ի աջակցություն տեղական արտադրության ու սպառման։ Վերջինիս ակցիզը 100 տոկոսանոց սպիրտի մեկ լիտրի համար 4 200 դրամից կդառնա 4 600 դրամ, հազար հատ ծխախոտի դեպքում 17 700 դրամից կդառնա մինչև 19 500 դրամ։ Բոլոր դեպքերում ակցիզային հարկը կախված չէ գնից: Տեսականորեն այս մոտեցումը կիրառվում է ավելի թանկ և ավելի բարձրորակ ապրանքների սպառումը խթանելու նպատակով:
3. QR-կոդերի առկայություն ապրանքների վրա
2026 թվականից կընդլայնվի այն ապրանքների ցանկը, որոնց վրա արտադրողները պետք է ապահովեն ապրանքի յուրաքանչյուր միավորը նույնականացնող QR կոդերի առկայություն: Ներկայում ապրանքացանկում ընդգրկված են խմորեղենը, քաղցրավենիքը (չափածրարված), ոչ ոգելից խմիչքները, պահածոները և մի շարք այլ ապրանքներ։ Նոր տարվանից այս ցանկում կավելացվեն կաթնամթերքը, մսամթերքը, դեղամիջոցները, կոսմետիկան և օծանելիքը, լաքերը և ներկերը: Այսպիսով, QR-կոդերի առկայությունը պարտադիր կդառնա մանրածախ վաճառվող ապրանքների մեծ մասի համար, ինչը համապատասխանում է ԵԱՏՄ երկրների կողմից մշակված ապրանքների վերահսկման մոտեցումներին։
4. Բեռնափոխադրումների թվային վերահսկողություն
Վերահսկման ապահովման համար 2026 թվականի փետրվարից ԵԱՏՄ-ում աստիճանաբար ուժի մեջ կմտնի նաև բեռնափոխադրումների թվային վերահսկողությունը։ Կոնտեյներների վրա կտեղադրվեն նավիգացիոն կապարակնիքներ, որոնք թույլ կտան հետևել միության տարածքում ապրանքի տեղաշարժին։ Այսպիսով հնարավոր կլինի տեսնել՝ բեռը շեղվո՞ւմ է նախանշված երթուղուց (ուղարկողից ստացող), թե՞ ոչ, և արդյոք բեռնարկղը ճանապարհին բացվել է: