ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի - Sputnik. Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ հայրապետական մեր սերն ու օրհնությունը և սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները: Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն համայն աշխարհին, խաղաղություն մեր հայրենիքին, խաղաղություն խռովահույզ մեր ողջ ժողովրդին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն շնորհավորական ուղերձ է հղել հայ ժողովրդին։
«Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով՝ հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով, ատելության ու անհանդուրժողության դրսևորումներով։ Ցավոք, Նոր տարի մուտք ենք գործում նաև Հայոց եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում։ Շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականները, ազգային բարերարը և նվիրյալ հայորդիներ։ Տարեմուտը, սիրելիներ, հրավեր է նորոգվելու, վանելու մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը, իսպառ բացառելու ատելությունն ու թշնամանքը, անհանդուրժողության և անօրինականության հանցավոր երևույթները։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ «Աստված խռովության Աստվածը չէ, այլ՝ խաղաղության»,- ասվում է վեհափառի ուղերձում։
Հավելել է, որ ազգը զորեղ է, և պետությունը՝ անսասան, երբ անխաթար են նվիրական արժեքները, ավանդույթներն ու նախնյաց ժառանգությունը, երբ որևէ պատրվակով չի ձևախեղվում պատմական հիշողությունը, կասկածի տակ դրվում մեր Սուրբ եկեղեցու բազմադարյա առաքելությունը։ «Այսօր ընդդեմ Եկեղեցու կատարվող պառակտիչ գործողությունները, որ արդարորեն առաջ են բերում մեր հավատավոր զավակների ընդվզումը հայրենիքում և սփյուռքում, չունեն որևէ արդարացում և չեն ունենա շահեկան արդյունք։ Եկեղեցին չի պատկանում որևէ դարաշրջանի, որում ապրում է, այլ միայն Քրիստոսին»,–ասել է հայրապետը։
Ընդգծել է` առաքելահիմն Հայոց եկեղեցին Քրիստոսահաստատ Սուրբ Էջմիածնով Երկնավորի շնորհն է մեր ժողովրդին՝ ազգանվեր, հայրենաշեն ու հայապահպան իր ծառայությամբ։
«Տարեմուտի խորհրդաշատ այս պահին, սիրելիներ, Հայրապետիս հորդորն է՝ ամուր և աներեր պահենք մեր հավատը, դժվարություններին արիաբար դիմակայելու կամքն ու վճռականությունը։ Թույլ չտանք, որ անցնող տարվա փորձությունները կարծրացնեն մեր սրտերը, հարմարվողականությունն ու անտարբերությունը լինեն մեր ուղեկիցը՝ տկարացնելով մեր հույսը և թուլացնելով մեր ազգային ոգին։ Աննվազ նախանձախնդրությամբ գործենք՝ հանուն արցախահայության իրավունքների պաշտպանության և Բաքվում անմարդկային նվաստացումների ենթարկվող մեր հայրենակիցների ազատ արձակման։ Սերն առ հայրենին, առ մեր ժողովուրդը և Մայր Եկեղեցին դարձնենք առանցքը մեր կյանքի, ներշնչող ուժը խիզախումների ու հանձնառությունների, իմաստավորումը ամեն զոհողության։ Բարի և արժանապատիվ ընթացքով վերահաստատենք եղբայրսիրության, փոխադարձ հարգանքի, զորակցության մթնոլորտը մեր հայրենիքում, ազգային կյանքում և միջանձնային հարաբերություններում»,–հորդորել է Վեհափառը։
Նա հույս է հայտնել, որ դժվարին այս շրջանը, անտարակույս, պիտի հաղթահարենք մեր լույս հավատի, մեր միասնականության, հաստատակամության ու տոկունության շնորհիվ՝ ունկնդիր առաքելական պատգամին. «Միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ» ։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։