ԵՐԵՎԱՆ, 31 դեկտեմբերի – Sputnik. Բարերար, գործարար Սամվել Կարապետյանին արգելվել է հանդել գալ որևէ կոչեր պարունակող հայտարարություններով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։
Սա, ըստ փաստաբանի, լրացուցիչ բացառիկ սահմանափակում է։
Երեկ հայտնել էինք, որ դատարանը փոխել է գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվել է գրավով և տնային կալանքով։
«Պարզ չէ՝ ինչպես է այս սահմանափակումը բացահայտվելու, բայց հստակ է, որ առկա է հրապարակային խոսքի ուղիղ սահմանափակում, ինչն առկա չէր նույնիսկ կալանքի պայմաններում: Ակնհայտ է, որ ազգային բարերար, քաղաքական հայտ ներկայացրած Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման ինտենսիվությունը, իրավական ողջամիտ գործիքակազմի ամենամեծ խոչընդոտն է»,– գրել է նա։
Նա հիշեցրել է, որ Սամվել Կարապետյանը անազատության մեջ է մնացել 195 օր։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։
Նոյեմբերի 18-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2 ամսով երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։