ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի – Sputnik. Ամանորի գիշերը ձյուն կգա, որը կշարունակվի հունվարի 1–ին և 2–ին: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Դեկտեմբերի 31–ի երեկոյան ժամերից, հունվարի 1–ին և 2–ին Հայաստանը գտնվելու է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում վաղը երեկոյան ժամերից սկսած և հունվարի 1–ին, 2–ին Հայաստանի ողջ տարածքում սպասվում է ձյուն»,– նշեց նա։
Սուրենյանը տեղեկացրեց նաև, որ լեռնային առանձին շրջաններում կլինի բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Նա զգուշացրեց` հունվարի 3–ից սկսած եղանակն ամբողջովին կպարզի, տեղումները կդադարեն, ինչի արդյունքում հունվարի 3–4–ին երեկոյան ժամերին և գիշերը Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի 14–18 աստիճանով։