ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում Հայաստանն ու Թուրքիան որոշում են կայացրել դյուրացնել վիզաների տրամադրման գործընթացը դիվանագիտական, հատուկ և ծառայողական անձնագրեր կրողների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերություններում հասունացել է երկխոսությունից կոնկրետ գործնական քայլերի անցնելու անհրաժեշտությունը, մոտ ապագայում հնարավոր է նկատելի առաջընթաց, և արդեն տարեվերջին կարող է կարևոր խորհրդանշական քայլ արվել:
«2026թ. հունվարի 1-ից երկու երկրների դիվանագիտական, ծառայողական և հատուկ անձնագիր կրող անձինք կարողանալու են էլեկտրոնային վիզա (e-visa) ստանալ անվճար»,– ասված է ԱԳՆ–ի հաղորդագրությունում:
Գերատեսչությունն ընդգծել է` Հայաստանն ու Թուրքիան ևս մեկ անգամ վերահաստատում են իրենց հանձնառությունը՝ շարունակելու երկու երկրների միջև կարգավորման գործընթացը՝ նպատակ ունենալով առանց որևէ նախապայմանների հասնել լիարժեք կարգավորմանը:
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
2022 թվականի հուլիսին Վիեննայում համաձայնություն ձեռք բերվեց երրորդ երկրների քաղաքացիների համար բացել սահմանը և սկսել բեռների ուղիղ ավիափոխադրումներ, սակայն այդ պայմանավորվածությունները դեռ կյանքի չեն կոչվել։
2022 թվականի հունվարին Մոսկվայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։
2025 թվականի սեպտեմբերին Քըլըչը ժամանեց Հայաստան։ ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ կողմերը մտքեր են փոխանակել 2022 թ. հուլիսի 1-ի հանդիպման ընթացքում սահմանահատումների վերաբերյալ ձեռք բերված համաձայնության կյանքի կոչման շուրջ, հատուկ ներկայացուցիչները համաձայնել են արագացնել այս գործընթացը։