ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող «դատական նիստը» հետաձգվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
«Պաշտպան Էմիլ Բաբիշովը միջնորդել է առողջական խնդիրների պատճառով «նիստը» հետաձգել»,–հայտնում են ԶԼՄ–ները։
Հաջորդ «դատական նիստը» նշանակվել է դեկտեմբերի 30-ին։
Նշենք, որ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվում ընթացող «դատավարությունը» հասել է վերջնագծին. ռազմական դատախազը ցմահ բանտարկություն է պահանջել Ռուբեն Վարդանյանի համար։
Արցախի նախկին պետնախարարը մեղադրվում է «աշխարհի և մարդկության դեմ հանցագործությունների», «ռազմական հանցագործությունների», «ահաբեկչության» և «ահաբեկչությունը ֆինանսավորելու» մեջ։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: