ՀՀ իշխանությանը հավելյալ վստահություն է ստացել` խախտելու ազգային արժեքները. «ՀայաՔվե»

«ՀայաՔվեի» և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամները որոշել են շարունակել քննարկումները` ներառելով ազգային դաշտում գործող այլ առողջ ուժերի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Վերջին շրջանում եվրոպական տարբեր կառույցների կողմից հաճախակի կիրառվող երկակի ստանդարտները ՀՀ գործող իշխանությանը հավելյալ վստահություն է ներշնչում անարգել խախտելու ազգային արժեքները պաշտպանող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները։ Այս մասին ասվում է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման վարչության և ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների հանդիպումից հետո տարածված հայտարարության մեջ։
«Եվրոպական տարբեր կառույցները վերջին շրջանում ավելի հաճախակի են կիրառում երկակի ստանդարտներ և փաստացի անտեսում են Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների աղաղակող խախտումները, ինչը հավելյալ վստահություն է ներշնչում գործող վարչախմբին՝ անարգել խախտելու ազգային արժեքները պաշտպանող քաղաքացիների և կազմակերպությունների իրավունքները»,– մասնավորապես ասված է հայտարարության մեջ։
«ՀայաՔվեից» նշում են նաև, որ հանդիպման ժամանակ «երկրում սաստկացող բռնաճնշումների և Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ իշխող վարչախմբի աննախադեպ արշավի ֆոնին» քննարկվել է երկու կառույցների ջանքերի համակարգումը Հայաստանում սահմանադրական կարգի պաշտպանության և քաղաքացիների օրինական իրավունքների ապահովման նպատակով։
Հանդիպման մասնակիցները որոշել են քննարկումները շարունակել` ներառելով ազգային դաշտում գործող այլ առողջ հասարակական և քաղաքական կազմակերպություններին՝ նպատակ ունենալով թույլ չտալ Հայաստանում բռնատիրության հաստատումը և ցանկացած հակասահմանադրական ճանապարհով դրա վերարտադրությունը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։