ՀԱԿ–ն առաջարկում է Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում կարծում են, որ իրենց առաջարկը թույլ կտա Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ ստեղծել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատման համար առաջարկում է բացառապես Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու, վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագիծը թերություններ ունի ու ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, ինչպես նաև միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին։
«Շատ գերտերություններ, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, դուրս են շպրտվել այդ կարգավորումից։ Եվ դա աշխարհաքաղաքական լարվածության ական է ստեղծում»,- ասաց Զուրաբյանը։
Ըստ նրա՝ երկրորդ խնդիրն էլ այն է, որ TRIPP-ի իրականացումը կհանգեցնի նրան, որ հայկական բոլոր կոմունիկացիաները կախված կլինեն Ադրբեջանից: Հետևաբար Հայաստանը կենթարկվի Բաքվի կողմից ճնշումների, որոնք կպահանջեն քաղաքական զիջումներ, այդ թվում՝ ժողովրդագրության ոլորտում։
Կուսակցությունն առաջարկում է իր ծրագիրը։ Զուրաբյանի խոսքով՝ դեռևս 2016 թվականին չինական ընկերություններից մեկը կատարել է բոլոր հաշվարկները։ ՀԱԿ-ն առաջարկում է երկաթուղին կառուցել Գագարինից անցնելով Գավառի, Մարտունու, Գորայքի, Սիսիանի, Տաթևի, Մեղրու և Ագարակի տարածքներով դեպի Իրանի սահման:
«Բնականաբար, կարծում ենք, որ Ագարակում այդ նախագիծը չպետք է ավարտվի։ Պետք է ճանապարհ ստեղծվի դեպի Թավրիզ կամ Ջուղա, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթուղով կապել Իրանի հետ։ Դա թույլ կտա Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ ստեղծել»,- ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ երկաթուղին լինելու է Հայաստանի տարածքում, այն կարող է դառնալ Սև ծովը Պարսից ծոցին, Հնդկական ծոցին կապող միջազգային տրանսպորտային ճանապարհի մի մասը: Վստահ է՝ բեռնափոխադրումների բավականին լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղու միջոցով։
Զուրաբյանը նաև ընդգծեց՝ եթե Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղի կառուցվի Ինգուշեթիայով, ապա դա կապահովի նաև ՌԴ-ի հետ ուղիղ կապն առանց Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության:
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։