Բաքվի դատարանում ավարտվեց հայ գերիների կեղծ դատավարությունը

Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում հերքել է մեղադրանքները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում շարունակել են լսել հայ գերիների եզրափակիչ դատական խոսքը, որի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել նաև Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Նա առարկել է Բաքվի մեղադրանքերին` հայտարարելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում։

«Ինձ մեղավոր չեմ համարում և որևէ հանցագործություն չեմ կատարել», իր ելույթի վերջում հայտարարել է Դավիթ Իշխանյանը։

Իշխանյանի ելույթով Բաքվի դատարանում ավարտվեց կեղծ դատաքննությունը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
Նշենք, որ իրենց եզափակիչ ելույթներում գործով անցնող բոլոր հայ գերիները հերքել են Բաքվի մեղադրանքներ և հայտարարել, որ իրենք անմեղ են։
Հիշեցնենք` 2025–ի հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով: