Նիկոլ Փաշինյանն այս կիրակի կմասնակցի պատարագի, բայց ոչ Էջմիածնում

ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ մյուս մանրամասների մասին լրացուցիչ հայտարարություն կանեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Այս կիրակի` դեկտեմբերի 28–ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է պատարագի մասնակցել Գառնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Այդ մասին նա հայտնեց ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ։
«Այդ մասին լրացուցիչ հայտարարություն կանենք»,– ավելացրեց նա։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ այս կիրակի Փաշինյանը նախատեսում է իր կողմնակիցների, Գարեգին 2–րդի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն հայոց կաթողիկոսը հեռանա վեհարանից։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։