Միքայել սրբազանին դեռ չեն վիրահատելու․ ի՞նչն է պատճառը

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը. Արխիվային լուսանկար
Միքայել սրբազանը դեկտեմբերի 16-ից է տեղափոխվել «Իզմիրլյան» ԲԿ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին դեռ չեն վիրահատի։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց «Իզմիրլյան» ԲԿ-ի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Դեմիրճյանը։
«Վիրահատությունը հետաձգվել է։ Շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է, պետք է կարգավորվի։ Դրանից հետո միայն վիրահատության կպատրաստեն»,- նշեց Դեմիրճյանը։
Շիրակի թեմի առաջնորդը դեկտեմբերի 16–ին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն վիրահատություն անցնելու համար։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։