ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար նոր ծրագրեր է մշակել, որոնք կսկսեն գործել 2026 թ. հուլիսի 1–ից։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ որոշումներից մեկով այլընտրանք է առաջարկվում այն ընտանիքներին, որոնք բաղկացած են մինչև 3 անդամից և ունեն խոր կամ ծանր հաշմանդամության կարգ կամ 60 և ավելի բարձր տարիքի են։
Ըստ նրա` եթե այս ընտանիքները հավաստագիր ստանալու համար բավարարում են կառավարության առաջարկած բոլոր պայմանները, որոնք հիմնականում վերաբերում են ՀՀ քաղաքացիություն ունենալուն, սակայն նրանց գումարը չի բավարարում, ապա այս ընտանիքներին նախարարության սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրում գրանցվելու հնարավորություն է ընձեռնվում։
«Քանի որ դեռ այդքան բնակարան չունենք տրամադրելու, այդ պատճառով նրանց վարձավճարի մասնակի փոխհատուցում ենք տալու 40 հազար դրամի չափով, 10 տարի ժամանակով։ Եթե 10 տարվա ընթացքում լինի բնակարան, ապա մենք նրանց առաջարկելու ենք տեղափոխվել այնտեղ` որպես կայուն ապրելու վայր։ Եթե այդ պահին նրանք հրաժարվեն այդ բնակարանից, ապա նրանք կզրկվեն այդ հնարավորությունից։ Այս ընտանիքները փոքրաթիվ են»,– հայտարարեց Թորոսյանը։
Նա անդրադարձավ նախարարության առաջարկած մյուս կարգավորմանը, որով երկարաձգվում է ԼՂ–ից բռնի տեղահանված այն 44 հազար քաղաքացիների աջակցությունը, որոնք շարունակում են ստանալ կեցության 30 հազար դրամի ծախսը։
«Նաև մինչև 2026 թ. վերջ երկարաձգվում է հավելյալ 40+10 հազար ավելի աջակցությունն այն քաղաքացիների համար, որոնց մեկ շնչի հաշվով եկամուտը ցածր է 55 հազար դրամից։ Նրանց թիվը մոտ 6000 է։ Այս ծրագիրն ավարտվում էր այս դեկտեմբերի 31–ին, սակայն այս որոշմամբ երկարացնում ենք այս ծրագիրը ևս»,– տեղեկացրեց նախարարը։
Թորոսյանը նշեց, որ ԼՂ–ից բռնագաղթածների համար ինքնազբաղվածության ապահովման համար լրիվ նոր ծրագիր են ներդնում փոքր բիզնես ստեղծելու համար, որպեսզի նրանք կարողանան իրենց կենսագործունեությունը հոգալ։
«Այս ծրագիրը 3 բաղադրիչ ունի` բիզնես ուսուցման դասընթացներ` մինչև 300 հազար դրամի աջակցությամբ, շահառուի 12 ամիս բիզնես ուղեկցում` ամսական 60 հազար դրամի չափով, ինչպես նաև կապիտալ ներդրման փոխհատուցում` ծախսի 70 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի, քան 2 մլն դրամի չափով։ Այս ծրագիրը նպատակ ունենք իրականացնել պրոֆեսիոնալ կազմակերպությունների միջոցով, այսինքն` մենք մարդուն գումարը չենք տալիս»,– տեղեկացրեց նախարարը։
Նա նաև ներկայացրեց իրենց ունեցած վիճակագրությունից տվյալներ, ըստ որոնց` բնակարանի հավաստագիր ստանում են հիմնականում այն քաղաքացիները, որոնք ունեն զբաղվածություն ու հիմնականում կենտրոնացված են այն մարզերում, որտեղ ավելի հեշտ է զբաղվածություն ստանալ։ Դրանք հիմնականում Երևանն ու երևանամերձ մարզերն են։
Հիշեցնենք` ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։