ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան մատակարարվող բեռների անվանացանկն ընդլայնելու հնարավորությունը։ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում այս մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Երեկ հայտնի դարձավ, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։
Օվերչուկը նշել է, որ հացահատիկից բացի, քննարկվում են պարարտանյութերի մատակարարման, ինչպես նաև Հայաստանից Ռուսաստան բեռների տեղափոխման տարբերակները։
«Կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, մենք դա իսկապես կարևոր ենք համարում` ռուսական հացահատիկով բեռնված առաջին գնացքը Ադրբեջանի և Վրաստանի տարածքով տեղափոխվել է Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստանի ու Ադրբեջանի անկախ գոյության ընթացքում առաջին անգամ անցավ հացահատիկով բեռնված առաջին գնացքը», - ասել է նա։
Փոխվարչապետը հստակեցրել է, որ մշակվում է այդ տրանսպորտային միջանցքն այլ տեսակի բեռների, այդ թվում՝ հանքային պարարտանյութերի փոխադրման համար օգտագործելու հնարավորությունը։
Բացի այդ, Օվերչուկը հիշեցրել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքով շարժակազմ։ Զուգահեռաբար Մոսկվան և Երևանը քննարկում են հակառակ ուղղությամբ՝ Հայաստանից Ռուսաստան, Ադրբեջանի տարածքով տարանցիկ փոխադրումների կազմակերպման հեռանկարը։
Փոխվարչապետի խոսքով՝ նման քայլերը դեռ վերջերս քիչ հավանական էին թվում, սակայն այժմ դրանք սկսում են գործնական բովանդակություն ստանալ։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել շշալցված արտադրանքի արտահանումը ցամաքային ճանապարհով։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բենզինը հասանելի կլինի ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող լցակայաններում։