Հայկ Մարությանը հայտարարել է, որ մասնակցելու է 2026–ի ԱԺ ընտրություններին. տեսանյութ

Երևանի նախկին քաղաքապետը նշել է, որ տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը և կհրապարակեն նախընտրական ծրագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի – Sputnik. Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Նոր ուժ» կուսակցությունը մասնակցելու է 2026 թ. ԱԺ ընտրություններին։ Այս մասին Հայկ Մարությանը տեղեկացրել է «Ֆեյսբուքի» իր էջում հրապարակված տեսանյութում։
«Մեր քաղաքական ուժը սոցիալ–քաղաքական ուղղվածության է, իսկ դա նշանակում է, որ մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին»,– հայտարարել է նա։
Մարությանը նշել է, որ տեղի կունենա իրենց կուսակցության համագումարը և կհրապարակեն նախընտրական ծրագիրը։
Հիշեցնենք` 2024-ի փետրվարի 7–ին, երբ Հայկ Մարությանին ավագանու նիստում զրկեցին ավագանու անդամի մանդատից, ճեպազրույցի ժամանակ նա հայտարարեց, որ մտադիր է մասնակցել 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում և առաջադրվել վարչապետի պաշտոնում։
ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։