Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան

Մինչև 2025 թվականի ավարտը նշված երթուղով նախատեսվում է ուղարկել հացահատիկով բեռնված 30 վագոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է Վոլգոգրադի «Օբլվեստի» կայքը։
«Վոլգոգրադի մարզի «Գմելինսկայա» կայարանից Հայաստան է շարժվել հացահատիկով բեռնված գնացքը; Տեղափոխումն իրականացվում է Ադրբեջանի տարածքով։ Առաջին խմբաքանակը, որը ներառում է ութ վագոն, մեկնել է «Երևան» կայարան։ Մինչև 2025 թվականի ավարտը այս երթուղով նախատեսվում է տեղափոխել 30 վագոն, ինչը համարժեք է ավելի քան 2000 տոննա հացահատիկի», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ավելի վաղ հայտարարել էր, որ շուտով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան կհասնեն հացահատիկի նոր խմբաքանակներ։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։
Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
Դեկտեմբերի 15-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողներին հայտնեց, որ Ադրբեջանից Հայաստան առաքվող ցորենի նոր խմբաքանակներ կան, որոնք ներկա պահին ճանապարհին են։ Նրա խոսքով` հայ գործարարների հետ քննարկվել է նաև նույն երթուղով կոնյակ արտահանելու տարբերակը, բայց բիզնեսը նպատակահարմար չի գտել շշալցված արտադրանքի արտահանումը ցամաքային ճանապարհով։
Ադրբեջանական լրատվամիջոցները դեկտեմբերի 18-ին հայտնեցին, որ նոյեմբերի 28-ին Գաբալայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 22 վագոն A95 տեսակի բենզին (SOCAR–ի արտադրած)։
Հաջորդ օրը նավթամթերքը հասավ Հայաստան։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական բենզինը հասանելի կլինի ՔՊ–ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող լցակայանում։