ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը հերքել է Բաքվի մեղադրանքները

Լևոն Մնացականյանը իրեն մեղավոր չի ճանաչել և պնդել է, որ հայկական կողմը երբեք քաղաքացիական ենթակառուցվածքներ չի թիրախավորել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների և միջազգային կառույցների բացակայությամբ այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։
Ինչպես հայտնել ենք, դեկտեմբերի 22–ին Բաքվի դատարանում իր վերջին խոսքի ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն իրեն մեղավոր չէր ճանաչել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այսօրվա «դատավարության» ընթացքում շարունակել են լսել հայ գերիների եզրափակիչ դատական խոսքը, որի ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել նաև Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։
Մնացականյանը նշել է, որ թեև Բաքվում իրեն մեղադրում են ապրիլյան քառօրյա պետերազմը պլանավորելու մեջ, սակայն հայկական կողմի գործողությունները միայն պաշտպանողական են եղել։ ՊԲ նախին հրամանատարը պնդել է, որ պաշտպանության բանակը երբեք չի թիրախավորել քաղաքացիական ենթակառուցվածքներ։
Ինչ վերաբերում է արցախյան առաջին մարտերին ՊԲ նախկին հրամանատարի մասնակցությանը` Լևոն Մնացականյանը շեշտել է, որ չի մասնակցել Թունելի և Բաշլըբելի գործողություններին, որում Բաքուն իրեն մեղադրում է։
Բաքվում հայ գերիների գործով «դատական լսումները» կշարունակվեն դեկտեմբերի 25-ին։
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Բաքվում ապօրինի պահվող հայ բանտարկյալների ազատ արձակումն անհետաձգելի հրամայական է. Արամ Ա