ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի – Sputnik. Մեծ Բրիտանիան հետևում է Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին և ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները կհամապատասխանեն սահմանադրական և իրավական շրջանակներին։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` նման հայտարարություն է արել Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ջենի Չապմանը:
Լորդերի պալատի անդամ, անգլիկան եկեղեցու եպիսկոպոս Քրիստոֆեր Չեսանը հարցրել է, թե ինչպես է Լոնդոնը գնահատում կրոնական ազատության հետ կապված իրավիճակը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից Հայ առաքելական եկեղեցու հոգևոր կենտրոնի՝ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի ձերբակալությունից հետո։
«Մեծ Բրիտանիան հետևում է Հայաստանի կառավարության և Հայ առաքելական եկեղեցու միջև հարաբերությունների իրավիճակին։ Մենք ակնկալում ենք, որ բոլոր գործողությունները կհամապատասխանեն Հայաստանի սահմանադրական և իրավական շրջանակներին», - ասված է Չապմանի գրավոր պատասխանում։
Լոնդոնը հույս ունի, որ օրենքին համապատասխան` Երևանը կապահովի արդարացի վերաբերմունք բոլոր անձանց նկատմամբ, իսկ դատական վարույթները կմնան թափանցիկ և անկողմնակալ։
«Միացյալ Թագավորության կառավարությունը նախկինի պես հաստատակամորեն հավատարիմ է ամբողջ աշխարհում կրոնի և համոզմունքների ազատության իրավունքների պաշտպանությանը։ Նախարարներն ու պաշտոնյաները պարբերաբար քննարկում են մի շարք հարցեր մեր հայ գործընկերների հետ», - հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։