Միքայել սրբազանը դեռ չի վիրահատվել. «Իզմիրլյան» ԲԿ

Շիրակի թեմի առաջնորդը դեռ հետազոտությունների փուլում է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեռ չի վիրահատվել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։
Ինչպես հայտնի է, Շիրակի թեմի առաջնորդը դեկտեմբերի 16–ին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։
ԲԿ–ից նշեցին, որ սրբազանը դեռ գտնվում է հետազոտությունների փուլում։ Նրա վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսերին։
Թե կոնկրետ ինչ խնդիր է սրբազանի մոտ, ԲԿ–ից չմանրամասնեցին։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։
Պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։