Մեղրիի անցակետի պաշտոնյաները կապ չունեն ներկրված ապրանքի չհայտարարագրման դեպքի հետ. ՊԵԿ

Լրատվամիջոցը կոնկրետ անուններ էր նշել, թե անցակետի որ պաշտոնյաներն են կապ ունեցել կոռուպցիոն այս դեպքի հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հերքում է մամուլի այն հրապարակումը, ըստ որի` Մեղրիի «Ագարակ» անցման կետով Հայաստանի Հանրապետություն ներկրված ապրանքների չհայտարարագրման միջադեպի հետ կապ ունեն անցման կետի պետն ու տեղակալը։ Տեղեկությունը հայտնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Մեղրիի անցման կետում իրանական պետհամարանիշներով «Ֆոտոն» տեսակի տրանսպորտային միջոցի ամբողջ ապրանքը դատարկվել է և Մեղրու անցման կետի պետ Հովհաննես Ամիրխանյանի և նրա տեղակալ Գևորգ Թևանյանի կազմակերպմամբ այնտեղ է տեղավորվել շուրջ 70 մլն դրամի ապրանքի կեսը՝ «dyson»-ներ և պլանշետներ։ Ըստ լրատվամիջոցի` նշված դեպքը ՊԵԿ ղեկավարությունը փորձել է կոծկել, քանի որ Ամիրխանյանը հանդիսանում է ՊԵԿ նախագահի մորեղբոր որդու՝ Սարգիս Բաբայանի մտերիմ ընկերը, իսկ Ս․ Բաբայանը ՊԵԿ նախագահի անվտանգության պետն է, և չի բացառվում, որ Ս․ Բաբայանի կողմից բոլոր միջոցները կձեռնարկվեն Հ․ Ամիրխանյանին հիշյալ դեպքից «մաքուր դուրս հանելու» ուղղությամբ։
Ի պատասխան ՊԵԿ–ից հայտնում են, որ նշված միջադեպը բացահայտվել է բացառապես ՀՀ ՊԵԿ համակարգի ներսում գործող վերահսկողական և ռիսկերի կառավարման մեխանիզմների շնորհիվ, ինչի հիման վրա անմիջապես ձեռնարկվել են համապատասխան ծառայողական և իրավական գործողություններ։
«Այն պնդումը, թե դեպքը փորձ է արվել կոծկել կամ «ապօրինի ներմուծում ապահովել»՝ չի համապատասխանում իրականությանը և հակասում է հենց փաստերի տրամաբանությանը, քանի որ հենց ՊԵԿ-ի կողմից նշված դրվագով մաքսային կանոնների խախտման գծով նախաձեռնվել է վարչական վարույթ, իսկ պաշտոնատար անձանց հնարավոր ներգրավվածության հատկանիշների գծով բոլոր նյութերը սահմանված կարգով փոխանցվել են իրավասու քննչական մարմնին։ Կոմիտեն ամեն կերպ աջակցելու է քննությանը՝ անկախ որևէ անձի զբաղեցրած պաշտոնից»,– ասված է հաղորդագրության մեջ:
Միաժամանակ ՊԵԿ–ն անընդունելի է համարել հոդվածում նշված` անձնական և բարեկամական կապերի վրա հիմնված ակնարկները` դրանք որակելով որպես չապացուցված ենթադրություն:
ՊԵԿ պաշտոնյաներն առնչություն չունեն 400 iPhone-ի մաքսանենգության հետ․ պարզաբանում