Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով

Գյումրու համայնքապետը կալանքի տակ է հոկտեմբերի 21-ից։ Զարուհի Փոստանջյանի խոսքով` դատարանն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Դատարանը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց ևս 3 ամսով։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց նրա փաստաբան Զարուհի Փոստանջյանը դռնփակ նիստից հետո։
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազը միջնորդություն էր ներկայացրել երկարաձգել կալանքի ժամկետը, քանի որ ըստ դատախազության՝ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։ Պաշտպանական կողմն էլ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու, ոչ իրավաչափ, առողջական վիճակի հետ ոչ համատեղելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություններ էր ներկայացրել։ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորներ՝ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանն ու Գեղամ Մանուկյանը, երաշխավորություն էին ներկայացրել Վարդան Ղուկասյանի խափանման միջոց կալանքն այլընտրանքային խափանման միջոցով փոխելու համար։
«Դատարանի կողմից հաշվի չառնվեց այն կարևոր հանգամանքը, թե ով է Վարդան Ղուկասյանը, այսինքն՝ անձին բնութագրող տվյալները, երաշխավորագրերը։ Առկա էին այլընտրանքային խափանման միջոցների հնարավորությունները, սակայն դատարանը բավարարեց շարունակական կալանքը. սա նշանակում է, որ դատարանն իրականացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը»,– ասաց Փոստանջյանը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Հոկտեմբերի 21-ի առավոտյան Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ Ղուկասյանին նոր մեղադրանք է առաջադրվել Հայաստանի` այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ մտքերի համար։ ՔԿ–ն նոյեմբերի 21-ին հայտնեց, որ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել նաև ՔՕ 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը։