Թուրք ուժայինները ձերբակալել են Գյուլենի կազմակերպության հետ կապված 160 մարդու

Նախարարի խոսքով՝ ռեյդեր են իրականացվել Թուրքիայի 39 նահանգներում։
Sputnik
Թուրք ուժայինները վերջին երկու շաբաթվա ընթացքում ձերբակալել են Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETÖ, ճանաչվել է այդ երկրում ահաբեկչական) 160 անդամի, որից 90-ը կալանավորվել են։ Այս մասին Թուրքիայի ՆԳ նախարար Ալի Երլիքայան հայտնել է «X» սոցցանցում։
Նշվում է, որ ձերբակալությունները կատարվել են 39 նահանգներում. ձերբակալվածների թվում են անձինք, որոնք ներգրավված են ֆինանսների, կրթության և արտաքին կապերով զբաղվող կառույցներում։
Թուրքիայի իշխանությունները Գյուլենի կազմակերպությանը, որին նրանք անվանում են «FETÖ» (ֆեթուլլահիստների ահաբեկչական կազմակերպություն), մեղադրում են 9 տարի առաջ՝ 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձին մասնակցության մեջ:
Զինված ապստամբությունից հետո ձերբակալվել է ավելի քան 80 հազար մարդ, աշխատանքից հեռացվել կամ ազատվել է մոտ 150 հազար պետծառայող, այդ թվում՝ զինվորականներ: Ինքը՝ Գյուլենը (այժմ հանգուցյալ), որն այդ ժամանակ գտնվում էր ԱՄՆ-ում, դատապարտել էր հեղաշրջման փորձը և չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքները։