ԵՐԵՎԱՆ,17 դեկտեմբերի - Sputnik. Հայաստանում առողջության պարտադիր ապահովագրության համակարգի ներդրումը բարդ գործընթաց է լինելու. նախ համակարգը պետք է փուլ առ փուլ վերակառուցվի, և ոչ այն պատճառով, որ բժիշկները վատն են. նրանք դեռ պետք է սովորեն արձագանքել պահանջարկին: Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի միացմամբ «ԵԱՏՄ երկրների կենսաանվտանգությունը» տեսակամրջի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի փոխնախագահ Գենադի Օնիշչենկոն՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Ազգային ժողովն այսօր վերջնական ընթերցմամբ ընդունեց առողջության պարտադիր ապահովագրության մասին օրենքի նախագիծը: Կողմքվեարկեց64, դեմ՝2, ձեռնպահ՝5 պատգամավոր: Այսպիսով, առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրությունը կգործարկվի 2026 թվականի հունվարի 1-ից։ Այն անվճար կլինի մինչև 18 տարեկան և 65 տարեկանից բարձր անձանց, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող և սոցիալական ապահովության համակարգում հաշվառված քաղաքացիների համար: Սակայն մի շարք փորձագետներ մտահոգված են, որ բժշկական կենտրոններն ու առողջապահության սկզբնական օղակները պատրաստ չեն քաղաքացիների հոսքին։
Օնիշչենկոն կարծում է, որ հիմնական խնդիրը ոչ միայն ֆինանսների բացակայությունն է, այլև պարտադիր առողջապահական ապահովագրության մոդելի բարդությունը:
«Ապահովագրությունը յուրաքանչյուր կոնկրետ բժշկական գործողություն, հիվանդության յուրաքանչյուր բուժում գնահատելու փորձ է։ Ներդրվում են ստանդարտներ, կլինիկական ուղեցույցներ, որոնք նախկինում փողի հետ ուղղակիորեն կապված չէին», - նշեց Օնիշչենկոն։
Փորձագետն ընդգծեց, որ ամենամեծ դժվարությունները կապված են կառավարման վերապատրաստված անձնակազմի բացակայության հետ, որոնք ունակ են աշխատել ապահովագրական բժշկության պայմաններում:
«Բժիշկները կբուժեն։ Նրանք, փառք Աստծո, չեն միջամտի այդ գործընթացին։ Բայց չկա անձնակազմ, որը գիտի` ինչպես կառավարել այդ ամենը: Դասագրքերը մի բան են, իսկ իրական կյանքը՝ բոլորովին այլ», - պարզաբանեց նա։
Օնիշչենկոն նախազգուշացրեց առողջապահության չափից ավելի առևտրայնացման վտանգների մասին՝ որպես օրինակ բերելով ամերիկյան մոդելը, որտեղ բժշկական համակարգը մեծամասամբ աշխատում է որպես բիզնես: Մասնավորապես` փող աշխատելու համար նշանակվում են ոչ միայն անհրաժեշտ, այլև անտեղի ընթացակարգեր։ Միևնույն ժամանակ, ՌԳԱ ակադեմիկոսի խոսքով, ԱՄՆ-ում կա մեկ այլ՝ վետերանների առողջապահական համակարգի օրինակը, որտեղ բուժումն ամբողջությամբ ֆինանսավորվում է պետության կողմից և համարվում է օրինակելի մոդել:
Օնիշչենկոն անդրադարձավ նաև ապահովագրության ռուսաստանյան փորձին։ Նա դրական քայլ անվանեց Ռուսաստանում դեռևս 2024 թվականից ներդրված կանխարգելման և վաղ ախտորոշման համակարգին։
Հայաստանում դրան դեռ պետք է հասնել, և ոչ թե այն պատճառով, որ բժիշկներն այստեղ վատն են, այլ որ նրանք նախ պետք է հասցնեն պատասխանել հարցմանը, կատարել նշանակումներ, վիրահատություն։
Այս առումով իրավիճակը չի փոխի նաև ֆինանսավորման կտրուկ ավելացումը։ Համակարգը չի կարողանա արագ «մարսել» նման քանակությամբ միջոցներ։
«Նույնիսկ եթե առողջապահությանը հատկացվի ՀՆԱ-ի միանգամից 6%-ը, ինչպես խորհուրդ է տալիս ԱՀԿ-ն, դա չի աշխատի։ Գործընթացը պետք է լինի փուլային», - ասաց Օնիշչենկոն։
Նա հավելեց, որ քաղաքական որոշումը և կառավարության կողմից մշտական վերահսկողությունը կարևոր գործոններ են: