Այս արշավն անհատի դեմ չէ․ կաթողիկոսին հեղափոխական ճանապարհով փոխելու վտանգները

Քաղաքագետի կարծիքով՝ այս իրողությունը հետագայում կարող է հնարավորություն տալ Հայաստանում գրանցված աղանդավորական կազմակերպություններին հանրահավաքների ճանապարհով իրենց առաջնորդին կաթողիկոս կարգել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսին հեղափոխական ճանապարհով գահընկեց անելը կնշանակի ճանապարհ բացել մի նոր բողոքականության ծնունդի համար, որտեղ երկրի` այդ պահի քաղաքական առաջնորդը հանգիստ կարող է ինքն իրեն հռչակել եկեղեցու գլուխ, ինչպես եղավ Անգլիայում, և քանդել հայոց դարավոր ավանդույթը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսների տարածած հայտարարությանը։
Եպիսկոպոսները հայտարարել են, որ վաղը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 17։00-ին հավաքվելու են Մայր աթոռում՝ կաթողիկոսին հանգստի կոչելու պահանջով։
«Հեղափոխական ճանապարհով Հայոց հայրապետին փոխել նշանակում է ճանապարհ բացել Հայաստանի մեջ վխտացող աղանդավորական շարժումների համար․ էլ ավելի բազմամարդ բողոքի ակցիաներ կազմակերպելով՝ սեփական առաջնորդներին բազմեցնել Ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական գահին։ Եթե եկեղեցու նվիրապետության դեմ ապստամբած 10+ հոգևորական կարող է Ամենայն հայոց կաթողիկոսին ստիպել հեռանալ, ապա ինչո՞ւ նույնը չեն կարող անել 100-հազարավոր աղանդավորականներ... Մտածեք, թե ում եք ծառայում, մտածեք, թե ձեր ձեռքերով և ձեր բերաններով ով կամ ովքեր են գործում»,- դիմելով կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներին՝ գրում է քաղաքագետը։
Նա շեշտում է՝ այս արշավն հենց սկզբից էլ ոչ թե անհատի դեմ, այլ եկեղեցու բազմադարյա ավանդույթների դեմ էր։ Նրա խոսքով՝ աշխարհում բոլոր չարագործությունները գործվել են բարին գործելու անվան ներքո։
Եպիսկոպոսների հայտարարությանն անդրադարձել է նաև քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ նշելով, թե վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր աթոռի վրա։ Նա համեմատական է անցկացրել 2018-2019թթ․ վարչապետի հռչակած «ժողովրդի իշխանությունը պիտի հաստատվի դատական համակարգում» արշավի հետ։
«Հիմա, ըստ մամուլում հրապարակված տվյալների, բազմաթիվ անբարոյական արարքներով ու կոռուպցիայի մեջ կասկածվող մի խումբ եպիսկոպոսների միջոցով փորձում են «մաքրել» եկեղեցին: Եպիսկոպոսներն արդեն բացահայտ կերպով նաև քաղաքականությամբ են զբաղվում»,- գրում է Դանիելյանը։
Նշենք, որ բազմաթիվ օգտատերեր արդեն իսկ կոչ են արել վաղը հավաքվել Մայր աթոռում՝ ի աջակցություն եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։