Վերաքննիչ դատարանն արձանագրել է՝ Սամվել Կարապետյանի գործի ձգձգումը խնդրահարույց է․ պաշտպան

Պաշտպանական կողմը պնդում է, որ 53 հոգուց բաղկացած քննչական խումբը փաստացի անգործության է մատնված:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. ՀՀ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի քրեական վարույթի ժամկետների հետագա ձգձգումը խնդրահարույց է և հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման: Այս մասին հայտնում է նրա պաշտպանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը մի շարք միջնորդություններ է ներկայացրել՝ պահանջելով դադարեցնել գործի ձգձգումը կամ «դադարեցնել առնվազն նախաքննական գաղտնիքով պաշտպանվելը»:
«Նույնիսկ միջնորդել էինք վարույթից մաս անջատել և աբսուրդային կոչի դրվագը ուղարկել դատարան, կամ հարգել իրավունքը ու կարճել»,- գրել է Վարդևանյանը։
Արդյունքում, թեպետ Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի ներկայացրած բողոքը, սակայն արձանագրել է, որ կա ժամկետների ձգձգում։
«Քննչական մարմինն ակտիվ գործողություններ չի կատարում, հակառակը` 53 քննիչներից բաղկացած խումբը վճռական անգործության մեջ է, չնայած շուրջ վեց ամիս է կալանավորված Սամվել Կարապետյանը, իսկ միակ գործողությունը, որ կատարել են, հերթական «աննախադեպ» գործողությունն էր, ըստ որի խուզարկել են լեզվաբան-փորձագետի տունը, ում դիրքորոշմամբ արձանագրվել էր, որ Սամվել Կարապետյանի Մայր աթոռը պաշտպանող խոսքում կոչ չկա»,- գրում է Վարդևանյանը։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։