ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի ձեռնարկատերերը զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում, ինչը կապված է գործարար Սամվել Կարապետյանի ձերբակալության հետ։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ ԱԳՆ–ի ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը զգուշացրել էր, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխադարձ առևտուրն այս տարի արդեն զգալիորեն կրճատվել է և 2025 թվականի արդյունքներով կարող է կազմել մոտ 6 մլրդ դոլար, ինչը 2024 թվականի ցուցանիշից կրկնակի պակաս է։
«Հայտնում ենք այն մտավախությունները, որ նման իրավիճակում մեր մյուս ձեռնարկատերերը սկսել են զգուշավոր գնահատել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները, հարցեր տալ նրա ներդրումային միջավայրի կայունության վերաբերյալ, ինչը հազիվ թե նպաստի երկկողմ առևտրի աճի պահպանմանը», – հայտնել է նա։
Միևնույն ժամանակ Կալուգինը հայտնել է, որ ՌԴ դեսպանատունը հյուպատոսական թույլտվություն է ստացել Կարապետյանին այցելելու համար. դիվանագետները վերջին անգամ գործարարին այցելել են դեկտեմբերի սկզբին: Ռուսական կողմը Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների հետ շփումների ժամանակ նշում է նաև, որ Կարապետյանն արդեն վեց ամիս է՝ կալանքի տակ է առանց դատարանի որոշման։
«Կարապետյանի վիճակի մասին ողջ անհրաժեշտ տեղեկությունը ստանում ենք փաստաբանների և հարազատների միջոցով: Նա հայտնում է բավարար առողջական վիճակի մասին, ցուցաբերում է լավատեսություն և պայքարի ոգի», – հավելել է նա:
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը կալանավորվեց հունիսի 18-ին։
Նրան մեղադրանք առաջադրվեց ՔՕ 290 (հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարել), 296 (փողերի լվացում), 422 (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է, նրան նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։