Միքայել սրբազանը տեղափոխվեց «Իզմիրլյան» ԲԿ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան. Արխիվային լուսանկար
Սրբազանն այս պահին անհրաժեշտ հետազոտություններ է անցնում, որից հետո կկատարվի վիրահատությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի - Sputnik. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից արդեն տեղափոխվել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։ Տեղեկությունը հայտնում է Աջապահյանի պաշտպանական խումբը։
Սրբազանն այս պահին անցնում է բժշկական անհրաժեշտ հետազոտություններ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Միքայել սրբազանին վիրահատություն է սպասվում։
Նշենք, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանները նոյեմբերի 13-ին վերաքննիչ բողոք են ներկայացրել առաջին ատյանի դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանի` հոկտեմբերի 3-ի դատավճռի դեմ և խնդրել են ամբողջությամբ բեկանել դատավճիռը, կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել և հռչակել գերաշնորհ Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի անմեղությունը։ Դատական նիստը դեկտեմբերի 15–ին հետաձգվեց. սրբազանի ազատազրկման դատավճռի դեմ վերանքննիչ բողոքը կքննարկվի 2026–ի հունվարի 13–ին։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվեց հունիսի 28–ին։
Հոկտեմբերի 3–ին առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։