Դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած անձանց

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Դատարանը երեկ ուշ երեկոյան ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին, սոցցանցում հայտնել է հասարակական գործիչ Նարեկ Մալյանը։
Հայտնել էինք, որ հասարակական գործիչ, նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանին դեկտեմբերի 8-ին «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում ծեծի ենթարկելու դեպքով ձերբակալվել է 4 անձ։
ՀՀ քննչական կոմիտեն հաղորդել էր, որ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է։ Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Հ.-ի, Ս.Խ.-ի, Հ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու, խուլիգանություն կատարելու, կեղծ հաշվառման համարանիշներ օգտագործելու, իսկ Ա.Բ–ի նկատմամբ` այդ գործողություններին օժանդակելու համար։