Արագածոտնի թեմը դատապարտում է դատարանի որոշումը

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի - Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը դատապարտում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշումը՝ ևս երկու ամսով երկարաձգել Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը:
Այդ մասին հայտարարություն է տեղադրվել թեմի ֆեյսբուքյան էջում։
«Արագածոտնի թեմը դատապարտում է իրավական համակարգի կողմից իրականացվող այս բռնաճնշումը և կայացված ապօրինի որոշումը ու անընդունելի համարում թեմակալ առաջնորդի կալանքի տակ գտնվելու փաստը: Մենք վերստին հաստատում ենք, որ բոլոր մեղադրանքները շինծու են և անհիմն»,-հայտնում են թեմից:
Հիշեցնենք` Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորված է հոկտեմբերի 16-ից։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել էր Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։