ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կմասնակցի Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին։ «Լուսավոր Հայաստանի» հիմնադրման 10-ամյակին նվիրված համագումարի ժամանակ կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կուսակիցներին առաջարկեց հենց այսօր սկսել ընտրություններին մասնակցելու նախապատրաստական աշխատանքները։ Համագումարի մասնակիցների մեծ մասը կողմ քվեարկեց առաջարկին։
Մարուքյանն իր ելույթում իշխանություններին հեռացնելու ճանապարհային քարտեզ ներկայացրեց ու բացառեց որևէ համագործակցություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
«Բոլոր իրար հարող ուժերը կարող են դաշինք ձևավորել` ծրագրային առումով որոշակի կոմպրոմիսների գնալով։ Մենք ուժ ենք, որը ձևավորել է Հայաստանում վերջին տարիների ամենահաջողակ դաշինքը։ Մենք գիտենք` դա ոնց է արվում, բայց բացառում ենք, որ գործող իշխանության հետ որևէ բան կանենք»,– ասաց նա։
Ճշտող հարցին` հնարավո՞ր է համագործակցություն «Հանրապետություն» կուսակցության հետ, Մարուքյանն արձագանքեց` բացառվում է նաև համագործակցություն այն ուժերի հետ, որոնք պաշտպանում են գործող իշխանությանը։
Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսին։
2026–ի ընտրություններին մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարություն են արել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` իր նորաստեղծ «Միասնության թևեր» նախաձեռնությամբ, ինչպես նաև «Մեր ձևով» շարժումը, որի գաղափարական առաջնորդը գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, որը կալանքի տակ է հունիսի 18–ից։