Հայաստանը վտանգված է. Մարուքյանը` «հիբրիդային պատերազմի» մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն ընդգծեց` Հայաստանում սկսել են կրկնել թշնամու կողմից շրջանառության մեջ դրված թեզերը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանը` որպես ազգային պետություն, վտանգված է։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակին նվիրված համագումարի ժամանակ այս հայտարարությունն արեց կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա` Հայաստանի դեմ այսօր մղում են հիբրիդային պատերազմ ու ստիպում են հրաժարվել սեփական ճշմարտություններից` ընդունելով թշնամու ճշմարտությունը։
«Մեր թշնամիները այսօր հասել են նրան, որ Հայաստանում սկսել են կրկնել մեր թշնամու կողմից շրջանառության մեջ դրված թեզերը։ Փնտրում ենք Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժամանակ կոտորված 1.5 մլն մարդու անուն–ազգանուն։ Ինչի՞ համար է դա արվում, իհարկե, որ կասկածի տակ դրվի համաշխարհային գիտական մտքի կողմից հաստատված փաստը։ Հարցականի տակ է դրվում նաև արցախյան շարժումը, ասվում է, որ այն Հայաստանի «վզին թոկ» է եղել։ Կարող եմ օրինակները ժամերով շարունակել»,– նշեց Մարուքյանը։
Նա հիբրիդային պատերազմի մաս է համարում նաև հոգևորականների ձերբակալությունները։ Մարուքյանը «տհաս միտք» անվանեց այն պնդումները, թե եկեղեցին միջամտում է քաղաքականությանը: Նա ընդգծեց` եկեղեցին պարզապես խոսել է ազգային խնդիրներից, որի իրավասությունը ունի։
Քաղաքական գործիչը կարծում է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ճանապարհը իշխանափոխությունն է։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։