Փաշինյանը ԵԱՏՄ երկրների վարչապետների հետ ծանոթացել է «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին

«Ատոմը» եզակի թանգարան է, որը նվիրված է անցյալի, ներկայի և ապագայի միջուկային տեխնոլոգիաներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հետ ծանոթացել է Մոսկվայի Ազգային տնտեսության նվաճումների ցուցահանդեսում (ВДНХ) գտնվող «Ատոմ» թանգարանի ցուցանմուշներին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Թանգարանում նրանց դիմավորել է «Ռոսատոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները՝ Միխայիլ Միշուստինը, Նիկոլ Փաշինյանը, Ալեքսանդր Տուրչինը, Օլժաս Բեկտենովը, Ադիլբեկ Կասիմալիևը և Կոխիր Ռասուլզոդան, այսօր կմասնակցեն գիտության և տեխնոլոգիաների ոլորտի համագործակցության միջազգային համաժողովին։

Համաժողովի ընթացքում պատվիրակությունների ղեկավարներին կներկայացվեն կենսատեխնոլոգիայի, արդյունաբերական ախտորոշման և շրջակա միջավայրի անվտանգության ոլորտներում երիտասարդ գիտնականների միջազգային թիմերի` եզրափակիչ փուլ անցած նախագծերն ու տեխնոլոգիական մշակումները։ Եզրափակիչին մասնակցելու համար նախագծերի ընտրությունը կատարվել է մի քանի փուլով։ Արդյունքում համաժողովի եզրափակիչ փուլի համար ընտրվել են վեց նախագծեր, որոնց վրա աշխատում են տարբեր երկրների թիմեր։
Նախագծերից մեկը ներառում է հեղուկ և գազային միջավայրերի մաքրման համար նախատեսված համալիր մոդուլային լուծումների մշակում։ Նախագծի նպատակն է ստեղծել ջրային անվտանգության, արդյունաբերական էներգաարդյունավետության, հումքի խորը վերամշակման բարձրացման, բնապահպանության և կյանքի որակի բարելավման համար նախատեսված տեխնոլոգիական կայանքներ։
Համաժողովն անցկացվում է գիտության, տեխնոլոգիաների ոլորտում բազմակողմանի համագործակցությունը զարգացնելու, երիտասարդական նախաձեռնություններին աջակցելու և Եվրասիական տարածաշրջանում հեռանկարային մշակումների առաջմղման համար։
Հիշեցնենք` Փաշինյանը Մոսկվա է մեկնել դեկտեմբերի 11-ին։