Եկեղեցու վարկանիշը զիջում է միայն բանակին. Հայաստանում անցկացված հարցման արդյունքները

Հարցվածների 27.1%-ն ընդհանրապես չի ճանաչել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու վարկանիշը զիջում է միայն զինված ուժերին։ «Գելափ Ինթերնեշնլ Ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց նոյեմբերի 27–ից դեկտեմբերի 5–ն ընկած ժամանակահատվածում 1001 անձանց շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների պատասխանը։
Հարցմանը մասնակցած քաղաքացիների 63.3%-ը հավանություն է տվել Հայ առաքելական եկեղեցու գործունեությանը։
«14.4%-ը ավելի շատ հավանություն է տալիս եկեղեցուն։ Գեղեցիկ համադրություն է ստացվում՝ 77.7%։ «Որքանո՞վ եք հավանություն տալիս տվյալ ինստիտուտի գործունեությանը» հարցին ի պատասխան՝ դրական է գնահատել Առաքելական եկեղեցու գործունեությունը»,– ասաց Նավասարդյանը։
Ինչ վերաբերում է ՀՀ բանակին, ապա հարցվածների 63.4%-ը լիովին հավանություն է տալիս զինված ուժերի գործունեությանը, իսկ 18.4%-ը ավելի շատ հավանություն է տալիս (ընդհանուր` 81.8%)։ Նավասարդյանը ներկայացրեց նաև, թե հարցվածները որ քաղաքական գործչի գործունեությանն են հավանություն տալիս։
«Գագիկ Ծառուկյանի գործունեությանը հավանություն է տալիս 38.9%-ը , 29.1%-ը ավելի շուտ է հավանություն տալիս։ Գործարար Սամվել Կարապետյանը բարձր ցուցանիշ ունի՝ 54%-ը ամբողջությամբ դրական է գնահատել, 31.6%-ը ամբողջությամբ է հավանություն տվել, 22.3%-ը ավելի շուտ հավանություն է տվել։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը գտնվում է 50%-ից բարձր տիրույթում՝ 27.2%-ը ամբողջությամբ հավանություն է տալիս, 23.3%-ն ավելի շուտ հավանություն է տալիս, ընդհանուր՝ 50.5%»,– տեղեկացրեց նա։
Ըստ Նավասարդյանի՝ մյուս գործիչները 50%-ից բարձր շեմը չեն հաղթահարել։ Նա նաև ուշադրություն հրավիրեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ցուցանիշների վրա` 27.1%-ը ընդհանրապես չի իմացել, թե ով է Վահագն Խաչատուրյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Մայր աթոռը հորդորում է կանոնախախտ եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոտոր ընթացքը