Պաշտոնական պարզաբանում կպահանջենք․ ՄԻՊ-ը՝ Յոթ Վերք եկեղեցու դուռը կապարակնքելու մասին

ՄԻՊ-ը նշում է՝ կրոնական կազմակերպությունները պետք է ինքնավար լինեն և ուղղակիորեն չմասնակցեն քաղաքական գործընթացներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պաշտոնական պարզաբանում է պահանջելու Գյումրու Յոթ Վերք եկեղեցու դռները կապարակնքելու վերաբերյալ։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
Նշենք, որ դեկտեմբերի 6-ի ուշ երեկոյան ԱԱԾ պետի հսկողությամբ տեղի քահանաները կապարակնքել են Յոթ Վերք եկեղեցին ու մի քանի ժամով հանձնել դատարկված շենքը։ Դեկտեմբերի 7-ին էլ 200 տարվա մեջ առաջին անգամ Շիրակի մայր տաճարում ժամերգություն չի կայացել, զանգերն էլ չեն ղողանջել։
«Պաշտոնական պարզաբանում կպահանջենք, ինչից հետո միայն կկարողանամ հարցերի պատասխանել»,- ասաց Մանասյանը։
Նա նաև անդրադարձավ այն հարցին, թե ինչ կարծիք ունի այն հանգամանքի վերաբերյալ, որ Յոթ Վերք եկեղեցում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները հնչեցնողներին եկեղեցուց դուրս հանելու, իսկ Վեհափառին՝ Կտրիճ Ներսիսյան անվանողին՝ ոչ։
Մանասյանը շեշտեց՝ հասարակական կարգը, իհարկե, մշտապես պետք է պահպանվի, բայց չի կարելի ունենալ երկակի չափանիշներ տարբեր անձանց, կազմակերպությունների դերակատարների նկատմամբ։
«Չեմ ուզում միայն մի դեպքի վրա կենտրոնանալ։ Իրավիճակների գնահատումը մի քանի հարց է ենթադրում, բայց նույնանման վիճակում, եթե տարբեր գործիքակազմեր են կիրառվում, բնականաբար երկակի ստանդարտների մասին է խոսքը։ Դրանից մենք պետք է, միանշանակ, խուսափենք»,- ասաց Մանասյանը։
ՄԻՊ-ը նաև խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կիրակի օրերին պատարագներին չմասնակցելուց։ Նրա պնդմամբ՝ ինքն առաքելական եկեղեցու հետևորդ է, բայց իր գործառույթներից ելնելով իր կրոնական համոզմունքների մասին չի խոսում։
Մարդու իրավունքների պաշտպանը նաև նկատեց՝ կրոնական կազմակերպությունները պետք է ինքնավար լինեն և ուղղակիորեն չմասնակցեն քաղաքական գործընթացներին։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 7–ին պատարագի էր մասնակցել Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցում` Սուրբ Աստվածածնի տաճարում, որը հայտնի է նաև Յոթ Վերք անունով։ Շիրակի թեմի հոգևորականները հայտարարել էին, որ չեն պատրաստվում պատարագ մատուցել` Փաշինյանի ցանկությամբ զեղչելով Վեհափառի անունը, ինչից հետո կապարակնքեցին եկեղեցին և երեկոյան հանձնեցին ուժայիններին։ Դեկտեբերի 7–ին Յոթ Վերքում պատարագիչը Արմավիրի թեմից Մկրտիչ քահանա Մուշադյանն էր։
Մասնակցում էին նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած և կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսներից մի քանիսը՝ Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։